Facebook կայքում ակտիվորեն վիրուս է տարածվում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում ներկայացրել է և՛ վիրուսի բնութագիրը, և՛ դրանից ձերբազատվելու քայլերը։
Մասնավորապես, նա նշել է, որ վիրուսը տարածվում է վարակվածների ընկերներին կեղծ տեսանյութի «սքրինշոթի» վրա նշելով (tag)։
«Եթե սեղմեք հղմանը, ապա հայտնվում եք մի կայքում, որը ամբողջությամբ տեսքով նմանակում է Ֆեյսբուքը։ Այստեղ յուրաքանչյուր սեղմումը նոր պատուհանիկ է բացում, որը առաջարկում է տեղադրել Google Chrome extension։ Եթե սա սեղմեցիք, ապա հենց ձեր Chrome-ը սկսում է աշխատել որպես վիրուսի տարածող,–գրել է Սամվել Մարտիրոսյանը և հավելել,-կայքը այցելելիս՝ կարող եք նկատել, որ այն կա՛մ թուրք է սարքել, կա՛մ թուրքերն են հիմնական թիրախը, կա՛մ՝ երկուսը միասին, ինչն ամենահավանականն է։ Ընդհանրապես, հենց թուրքական հաքերային խմբերն էին սկսել նմանատիպ հարձակումները, երբ թիրախը Google Chrom-ի հավելվածներն են դառնում»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը առաջարկում է նաև վիրուսից ձերբազատվելու քայլեր. այսպես՝ պետք է Chrome դիտարկչից հեռացնել հավելվածը՝ Settings >> More tools >> Extensions։ Եթե չի հաջողվում, քանի որ հավելվածը կարող է արգելափակել մուտքը դեպի կարգավորումների էջը, ապա պետք է Chrome-ը առհասարակ հեռացնել համակարգչից և նորից տեղադրել։
«Թեգը հեռացնելը հեշտ է, բայց այն անընդհատ նորից վերականգնվում է։ Դրա համար նաև տվեք hide from timeline»,–ասաց մասնագետը։