«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ և նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է:
Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի Կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին և խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի: Ինչպես հայտնի է՝ Վրաստանի և ՌԴ հարաբերությունների սրվելուց հետո հազարավոր վրացահայեր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ստացել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: