Հայկական արմատներ ունեցող երիտասարդ, տաղանդավոր և ճանաչված երգիչ Արթուր Բեսթը Հայաստանում է:
Yerevannews.am-ը հարցազրույց ունեցավ սիրված երգչի հետ տարբեր թեմաների շուրջ:
Սկսել եմ երգել մանուկ հասակից, որովհետև ծնվել և մեծացել եմ երաժիշտների ընտանիքում: Ծնողներս երկուսն էլ երգիչներ են և հիանալի ձայն ունեն: Նրանց շնորհքը փոխանցվել է ինձ: Ամենակարևոր բանը, որ սովորեցրել են ինձ ծնողներս հոգով երգելն է: Այդ խորհուրդն օգնել է ինձ դառնալ և լինել այնպիսի երգիչ, ինչպիսին կամ: 9-րդ դասարանում առաջին անգամ ելույթ ունեցա բեմում պրոֆեսիոնալ նախագծում հայրիկիս և եղբորս հետ:
Հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք շարունակել իր կարիերան Հայաստանում, Արթուր Բեսթը հետևյալ պատասխանը տվեց.
Դա իմ ցավոտ կողմն է, քանի որ Հայաստանում երաժշտական շրջանակը շատ նեղ է: Հատկապես երիտասարդությանը խեղդում են թեթև, ռաբիս երաժշտությամբ: Բացակայում կամ շատ քիչ է ինտելեկտուալ երաժշտությունը: Այն երաժշտությունը, որը կրթում, դաստիարակում և իմաստ է պարունակում: Այս ամենը հասկանալով, ես պրինցիպիալ դադարել եմ «6-8» կոչված երգեր երգելը: Դրանով, իհարկե, երգիչը գումար է վաստակում, բայց շատ սխալ է, երբ այդ երաժշտութունը դուրս է գալիս ռեստորանի պատերից:
Արթուր Բեսթը նշեց նաև, որ արտաքին տվյալներն անչափ կարևոր են արտիստի համար: Արտիստն առաջին հերթին իր արտաքինով, իր էներգետիկայով և իր շարմով պետք է տարբերվի ամբոխից: Որպես վառ օրինակ շեշտեց իր մտերիմ ընկեր Եվա Ռիվասի անունը:
- Այ, Եվա Ռիվասն իսկական արտիստ է: Շքեղ արտաքին ունի, լի է բացառիկ էներգիայով և, գումարած դրան, նաև հիանալի երգում է: Եվային չի կարելի չնկատել որտեղ էլ, որ նա լինի: Հենց ադպիսին էլ պետք է լինի իսկական արտիստը:
Արթուր Բեսթը խոսեց նաև «Ռուսաստանի ձայնը» և «Հայաստանի ձայնը» նախագծերի տարբերության մասին:
- Այդ երկու նախագծերը չեն կարող տարբեր չլինել շատ պարզ պատճառով: Իսկ այդ պատճառը Ռուսաստանի և Հայաստանի մասշտաբային մեծ տարբերությունն է որպես երկիր: Ռուսաստանը հսկայական երկիր է և այնտեղի մասնակիցները տարբեր ազգերի և մշակույթենրի մարդիկ են: Իսկ Հայաստանի մասնակիցները միայն հայեր են, չհաշված 1-2 բացառություններ: «Հայաստանի ձայնը» նախագծի լավագույն կողմը հայկական սրտացավության, բարության և ջերմության առկայությունն է, որը բացակայում է «Ռուսաստանի ձայնը» նախագծում:
Տաղանդավոր երգիչը խորհուրդ տվեց բոլոր մասնակիցներին առաջին հերթին լինել խիզախ, ձերբազատվել կոմպլեքսներից, ինքնավստահ լինել և շատ-շատ աշխատել:
- Առիթն օգտագործելով շնորվահորում եմ բոլոր հայերի եկող տոները, մաղթում եմ բոլորին խաղաղություն և սեր: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ երկրպագուներին և ասում, որ ես ձեզ իսկապես շատ եմ սիրում,- ավելացրեց երգիչը:
Yerevannews.am-ը միանում է մաղթանքներին՝ շնորհավորելով երգչի Ամանորը: