Մեր երկրում առկա ներկայիս իրավիճակը կեղծված ընտրություններին հաջորդած բնականոն ընթացք է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այսպիսի համոզմունք հայտնեց նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:
«Իրականում պրն Հովհաննիսյանի առջև երեք ճանապարհ կա արդյունքի հասնելու համար. առաջինը` դիմել ուժի իշխանության հասնելու համար, երկրորդը` դիմակայության շարունակելն է Ազատության հրապարակում, և երրորդը` համաձայնության գալն է, սակայն, ինչպես երևում է, իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հատուկ առաջարկներ չունի անելու»,- ավելացրեց Մելիքյանը` կարծիք հայտնելով նաև, որ այսօրվա Հայաստանում այսօրվա իրավիճակը խորացող ճգնաժամային է:
Նախագահի նախկին թեկնածուն անդրադարձավ նաև վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված այն հայտարարությանը, թե Հայաստանից հեռանում են գաղջ մթնոլորտի հետևանքով: «Ինչ է ստացվում, որ հայերն այսպիսի բնատուր առանձնահատկություն ունե՞ն»,- ասաց Մելիքյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ մեր երկրում առկա իրավիճակը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի խնդիրն է, այլ Ազատության հրապարակում հավաքվածների, որոնք երկրում փոփոխություններ են ակնկալում:
«Փոփոխություններ չլինելու դեպքում արտագաղթն ավելի մեծ քանակությամբ կլինի, և առանցքային սխալն այն է, որ ընդդիմությունը հետ է կանգնում իր սկզբունքներից, իսկ սա ժողովրդին հուսահատության հասցնող ամենամեծ պատճառն է»,-հայտարարեց Արման Մելիքյանը:
Վերջում նա ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ նախագահական ընտրությունները կեղծված են եղել, և այլ է հարց, որ մեզ մոտ չկա անկախ դատական համակարգ:
«Իսկ այն թեկնածուները, ովքեր չէին առաջադրել իրենց թեկնածությունը նախագահականին, կմասնակցեն ավագանու ընտրություններին, քանի որ հույս ունեն, որ գոնե այս անգամ կեղծիքները մեծ տեղ չեն զբաղեցնի»,-բնութագրեց նախագահի նախկին թեկնածուն:
Իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկներ չունի անելու.Մելիքյան
