Իմ պատկերացրած «թեժ աշունն», իհարկե, չստացվեց, քանի որ ես այն պատկերացնում էի ամբողջական իշխանափոխության տեսքով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների տեսանկյունից, «թեժ աշունը» ապահովված էր: «Մենք 2 հրաշալի հանրահավաք անցկացրինք, տեղի ունեցավ իշխանությունների նահանջ եւ պատրաստակամություն քննարկելու եռյակի առաջարկած 12 կետերը: Եվ վերջապես, իշխանությունները նահանջեցին, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների հարցում»,-ասել է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով պատճառներին, թե ինչու «թեժ աշունը» իրականություն չդարձավ, նա ընդգծել է, որ քաղաքական գործընթացների զարգացումը գնաց այլ ուղղությամբ: «Կարծում եմ, մոտ ժամանակներս մենք մեծ հնարավորություն կունենանք իրավիճակը փոխելու համար»,-հավելել է «Ժառանգության» փոխնախագահը: