Դեկտեմբերի 25-ին ՊՆ կենտրոնական պարենային բազայում պաշտոնապես բացվեց սառնարանային նոր համալիր` հագեցած միջազգային չափանիշներին համապատասխանող արդի տեխնոլոգիաներով: Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտոնական բացումից հետո պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները շրջեցին նոր շահագործման հանձնված շինության տարածքում: Պաշտպանության նախարարին ներկայացվեցին սառնարանային համալիրի հնարավորությունները: Բարձր տարողունակություն, նոր սառցարաններ, սառնարանային սարքավորումներ, ջերմակարգավորիչներ, ցանցադարակներ, հոսանքի ավտոմատ գեներատորներ. սրանք նոր սառնարանային համալիրի հնարավորությունների ու ենթակառուցվածքների միայն մի մասն են, որոնք ընդհանուր առմամբ հնարավորություն կտան պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմայի միջոցով մշտապես վերահսկել զինված ուժերին մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները, արդյունավետ կազմակերպել մթերքի մատակարարումը զորամասերին` հնարավորինս նվազագույնի հասցնելով կորուստները: