Հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 3 անձ։
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը եւ երկու շարքային զինծառայող։ Մ.Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։
Շարքային զինծառայողները կասկածվում են Դ.Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ։
Շարքային զինծառայող Սիմոնյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ շարքային Չապուխյանը՝ 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2014թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: