Դեկտեմբերի 26-ին Սումատրա կղզուց արևմուտք՝ Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել վերջին 50 տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ հայտնում է russian.rt-ը: 9 բալ մագնիտուդով ցնցումները շարժել են երկրակեղևի հսկայական հատվածներ, ինչի հետևանքով ձևավորվել է 1200 մ երկարությամբ բեկվածք: Տեկտոնական սալիկների տեղաշարժն առաջացրել է հսկա քանակությամբ ջրի տեղաշարժ, որի էներգիան հավասար էր Հիրոսիմայի վրա նետված 23 000 միջուկային լիցքի: 1000 կմ/ժ արագությամբ ալիքը սկսել է արագորեն առաջ գնալ Հնդկական օվկիանոսի բոլոր ուղղություններով:

Մի քանի ժամում ցունամին հասել է 13 երկրների ափեր՝ Արևմտյան Աֆրիկայից մինչև Թաիլանդ: Շատ տեղերում ալիքներն անցել են մինչև 2 կմ ցամաքի խորք, որոշներում՝ 4 կմ: Չնայած երկրաշարժի և ցունամիի միջև անցել է միջինը 50 րոպեից մինչև մի քանի ժամ՝ զբոսաշրջիկների և տեղի բնակիչների մեծ մասի համար մահաբեր ալիքն անակնկալ է եղել, քանի որ տուժած երկրներից գործնականում ոչ մեկում այդ ժամանակ ցունամիի նախազգուշացման համակարգ չի եղել: