Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաքված իր արվեստի երկրպագուներին խոստացավ “նվիրել” իր սիրտն ու երգեց հոգու լեզվով:

Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգին


Աշխարհահռչակ երգչի երեւանյան առաջին մենահամերգի բացումն արեցին Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը.“Նրա երգերը հնչում են ինչպես մեքենաներում, հարսանիքների ժամանակ, այնպես էլ մեր կյանքի ամենառոմանտիկ պահերին: 300 միլիոն օրինակ ձայնասկավառակ վաճառած Իգլեսիասն իրապես ամենավառ աստղերից է”,- բեմից նշել են հաղորդավարները:

69-ամյա իսպանացին առաջինը կատարեց “El Amor” երգը, այնուհետեւ` “Natalie”, “Mammy Blue”, “Careless Whisper”, “La Gota Fria” հին ու հայտնի երգերն ու այլ հիթեր:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը բացել են Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգը


Երգիչը համերգի ընթացքում հանդիսատեսի հետ շփվում էր անգլերենով: Նա նշեց, որ 45 տարի սպասել է հայաստանյան իր այցին.“Իմ կյանքում շատ հայերի եմ հանդիպել, որոնք ասում էին` Խուլիո, մեկ անգամ էլ մեկ երկիր այցելիր: Հիմա ես այստեղ եմ: Ինձ Հայաստանի մասին պատմողներից մեկն էլ իմ վաղեմի ընկեր Շառլ Ազնավուրն է”:

Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգին


Խուլիս Իգլեսիասի հետ բեմում էին իր բենդի երաժիշտները, պարուհի բեք-վոկալիստներ, տանգո պարող զույգեր: Երգիչն երկու անգամ զուգերգ է կատարել իր բեք-վոկալիստուհիների հետ, որից հետո երկուսին էլ հանդիսատեսի ծափերի ներքո կրքոտ համբուրել է: Ի դեպ, երկրորդ դուետից հետո նա շիկահեր երգչուհու համար երգել է “Happy Birthday” ու բեմից շնորհավորել նրա ծննդյան օրը,-գրում է bravo.am:

Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգին


Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգի ընթացքում 69-ամյա երգչին հայ հանդիսատեսը ոչ միայն բուռն ծափահարում էր, այլեւ` ձայնակցում: