ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն ու ՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն այցելեցին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Դավիթ Կարապետյանը նախարար Արմեն Երիցյանի անունից շնորհավորեց զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով առողջություն և գերազանց ծառայություն:

Խոսելով ՀՀ ՏԿԱԻ նախարարության և ՀՀ Զինված ուժերի համագործակցության կարևորության մասին՝ փոխնախարարը մասնավորապես նշեց. «Փրկարար ծառայության և զինված ուժերի հիմնական առաքելությունը նույնական է` քաղաքացիների պաշտպանության ապահովումը. փրկարարները պաշտպանում են բնակչությանը բնական և տեխնածին աղետներից, իսկ զինվորականները՝ հակառակորդի հնարավոր ոտնձգություններից»:

Դավիթ Կարապետյանը շրջեց զորամասի տարածքում և ծանոթացավ նրա տեխնիկական հագեցվածությանը, եղավ ուսումնական կետերում, ծանոթացավ նորագույն համակարգչային տեխնիկայով համալրված ուսումնական հրաձգային լսարանի հնարավորություններին, ինչպես նաև եղավ զորամասի զորանոցում՝ զինծառայողների կենցաղային պայմաններին ծանոթանալու նպատակով:

ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը, զորամասի զինվորների և հրամանատարական անձնակազմի անունից շնորհակալություն հայտնելով զորամաս այցելության համար, խնդրեց իրենց շնորհակալական խոսքը փոխանցել ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին` զինված ուժերի և զինծառայողների նկատմամբ մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:

Զորամաս այցելության ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից զինծառայողներին հանձնվեցին ամանորյա նվերներ: