ԱԺ պատգամավոր և ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը Yerevannews.am-ի հետ ունեցած կարճ հարցազրույցի ընթացքում խոսեց ավարտվող տարվա ընթացքում քաղաքական ամեմամեծ ձեռքբերման և եկող տարվա սպասելիքների մասին:
2014թ.-ում մեր երկրի քաղաքական դաշտում միակ մեծ ձեռքբերումն այն էր, որ անշրջելի, ռադիկալ, համակարգային և ամբողջական փոփոխությունների գաղափարը մտավ բոլորի գիտակցության մեջ: Քաղաքական, հասարակական և քաղաքացիական դաշտում համախմբում նկատվեց այդ նպատակային գաղափարի շուրջ: Այլ ձեռքերումները դրա համեմատ երկրորդական եմ համարում:
Ուզում եմ հուսալ, որ 2015թ.-ը, նաև քաղաքական դաշտում, կլինի ոչ թե ընթացքում շարժվելու, այլ նպատակակետին հասնելու տարի և առհասարակ յուրաքանչյուր հայաստանցի ուրախության և բարձր տրամադրության համար ունենա բազմաթիվ առիթներ: Նաև ուզում եմ, որ սոցիալական և կենցաղային խնդիրները չկարողանան ստվերել սեփական երկիրն ու շրջապատող մարդկանց սիրելու կարևորագույն հանգամանքը:
Տիգրան Ուրիխանյանն առանձնահատուկ շնորհավորանքներ ուղղեց Yerevannews.am կայքի աշխատակազմին, որի համար շնորհակալություն ենք հայտնում և եկող տարում պարոն Ուրիխանյանին մաղթում աշխատանքային շոշափելի հաջողություններ: