Հրազդան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված ժամկետային զինծառայող, զորամասի հրաձգային գումարտակի հրաձիգ, շարքային Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել 2012թ. փետրվարի 23-ին իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգով ծառայակից Ա.Ադիբեկյանի վրա կրակելու համար:
Նա այդ քայլին դիմել է` ծառայակցի կողմից իր նկատմամբ դրսևորած նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով:
Ըստ մեղադրանքի` Ի.Ենգիբարյանն իր նկատմամբ թիկունքով կանգնած Ա.Ադիբեկյանի ուղղությամբ կրակել է 4 մետր հեռավորությունից, առանց նշան բռնելու: Գնդակը դիպել է Ա.Ադիբեկյանի գլխին, և վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Ի.Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որով նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:
Թերթը գրում է, որ այս գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավարությունը սկսվել է 2012թ. դեկտեմբերի 13-ին և դեռևս շարունակվում է:
Ի դեպ, նույն դատարանում է շարունակվում նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված ժամկետային զինծառայող Վահե Սիմոնյանի դատավարությունը: Այս մասին գրում է թերթը և հավելում, որ վերջինս մեղադրվում է 2012թ. փետրվարի 23-ին «Հակոբասար» մարտական հենակետում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ: Մասնավորապես` Վ.Սիմոնյանը քնից արթնացնելու կապակցությամբ հայհոյել է ու բռնություն գործադրել ժամկետային զինծառայող Ի.Ենգիբարյանի նկատմամբ:
Վ.Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսվում է կալանք` 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահել` 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում` 2 տարի ժամկետով:Գրում է`«Ժողովուրդը»:


