Վրաստանի հարավում՝ Նինոծմինդայի շրջանում վրացական ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Հայաստան տանող ավտոճանապարհին ձյան պատճառով ավտոմեքենաներում արգելափակված մոտ 200 մարդ են փրկել: Այդ մասին լրագրողներին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Ինչպես նշել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, վրացական ոստիկանության աշխատակիցները և փրկարարները շարունակում են ավտոճանապարհից անվտանգ վայր ևս մի քանի մեքենաների և նրանցում գտնվող ուղևորների դուրս հանման աշխատանքները:
Ուժեղ ձյան, քամու և մառախուղի պատճառով Նինոծմինդայի շրջանում դադարեցվել է երթևեկությունը Հայաստան տանող ավտոճանապարհի հատվածներից մեկում: Ավտոճանապարհի որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը կազմում է 80 սանտիմետր:
Վրաստանից Հայաստան երթևեկությունն իրականացվում է այլ ավտոճանապարհներով, այդտեղ երթևեկությունը չի դադարեցվել: