Գրանցվել է Ճավայի ծովում կործանված AirAsia ընկերության ինքնաթիռի «սև արկղերի» ազդանշանը: Այն գրանցվել է ինքնաթիռի պոչային հատվածից 300 մ հեռավորության վրա:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ազդանշանն ընդունել է Jadayat նավը:

Մինչ այս հաղորդվել էր, որ փրկարարները հայտնաբերել են AirAsia ինքնաթիռի՝ ամբողջապես տիղմով պատված պոչի հատվածը: Այն գտնվել է շրջված վիճակում և 36 մետր խորության վրա: Հիմա ջրասույզների թիմը փորձում է գտնել «սև արկղերը», որոնք ենթադրաբար նույնպես ծածկված են տիղմի շերտով:

Հիշեցնենք, որ մալայզիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 162 մարդ է եղել: Որևէ մեկին փրկելու հույս չկա: