Հարավկորեական Իյջոնբու քաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Հրդեհի հետևանքով տուժած 97 բնակիչներից 8-ի վիճակը ծանր է: Մարդկանց տարհանում են 15 հարկանի շենքի տանիքից՝ ուղղաթիռների միջոցով: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկներ և փրկարարներ, սակայն չի հաջողվում կրակը տեղայնացնել՝ այն տարածվել է հարևան շինություն:
Նախնական վարկածով՝ անհայտ պատճառներով հրդեհը բռնկվել է շենքի առջև գտնվող ավտոկայանատեղիի մեքենաներից մեկում, որից հետո տեղի է ունեցել բնակելի շենքի բռնկումը: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները: