Ազգային ժողովը մարտի 21-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդ, վերացվում է գերատեսչական ցանկերի գաղտնագրման պահանջը:
Ընդունված օրինագծով ամրագրվում է, որ գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել: ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատվում է կառավարության կողմից և ենթակա է հրապարակման:
Ըստ հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանի, այս փոփոխությունները բխում են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստատման մասով օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշման պահանջներից:
Ներկայումս գործող օրենքի համաձայն` պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն: ՍԴ-ն, հաշվի առնելով տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկան, եկել է այն եզրահանգման, որ ներկա ընթացակարգով գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից: ՍԴ-ն եզրակացրել է, որ գերատեսչական ցանկերի ոչ հրապարակային բնույթը չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, եթե չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության:
ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը կառավարության կողմից հաստատվելու անհրաժեշտությունն էլ հիմնավորվեց այն հանգամանքով, որ մինչև 2005թ.-ի սահմանադրական փոփոխությունները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը վավերացվում էր ՀՀ նախագահի կողմից, սակայն սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նախագահի կողմից կառավարության որոշումների վավերացման ինստիտուտը վերացվեց: