ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նշեց, որ որոշ քաղաքական ուժերի համար ուսանողական բառապաշարով արտահայտված նախագահական ընտրությունների «նիաֆկայից» հետո, հիմա կարծես թե վերջին «լիկվիդի» հնարավորությունն է:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ի թեկնածուի համար ուժեղ մրցակից է համարվում մասնավորապես ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Ուզում եմ շեշտել, որ պարոն Օսկանյանը դեռ մեղադրվում է «Փողերի լվացման» գործում: Չեմ ուզում մեկնաբանել գործընթացը, ուզում եմ ուղղակի որպես երևանցի հասկանալ, որքանո՞վ այդ հմտությունները կարող են պետք գալ Երևանի փողոցները մաքուր պահելու գործում»:

Աշոտյանն անդրադարձավ նաև մամուլում հաճախ շրջանառվող ընտրակաշառքի աճող ծավալի մասին, նշելով, որ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա ինչ-որ գործերի արդյունքում մարդիկ են պատժվել, իսկ քանի որ նախագահի քաղաքական մոտեցումն այն է, որ Երևանի ընտրություններն ավելի լավ պետք է լինեն, քան նախագահական ընտրությունները, հետևաբար կպատժվեն անխտիր բոլոր ընտրախախտները նաև Երևանի ընտրությունների ժամանակ: