Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ներկայացրել է Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները:
«Գյումրի քաղաքի դեպքերի հետ կապված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ուժեղացված ռեժիմով են աշխատել: Հայ-թուրքական սահմանի ամբողջ տարածքը շրջափակել էին սահմանապահ ջոկատները՝ սպաների գլխավորությամբ:
Հունվարի 13-ի ժ. 00:15-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա նկատել են պետական սահմանի կողմ շարժվող անհայտ անձի:
Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր ո՞վ է գալիս» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է մոտենալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն նա շարունակել է ընթացքը: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ինքնաձիգից և իրավախախտին ստիպել պառկել գետնին: Նախազգուշական նկատառումներով Բայանդուր բնակավայրից 700 մետր հյուսիս ընկած տարածքում անհայտ անձին ձերբակալել են:
Իրավախախտը քաղաքացիական հագուստով էր, անձը հաստատող փաստաթուղթ չուներ: Նրա մոտ եղել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր և 6000 դրամ:
Իրականացված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակով Վ.Պ.-ն է», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել էր: