Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

Մասնավորապես, բանակի գեներալ Ա.Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը հորդորեց շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ: