Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը:
Այս մասին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը: Ձերբակալված անձը շարունակում է մնալ ռուսական ռազմաբազայում»,- ասեց Պողոսյանը` ընդգծելով, որ շարունակվում են հանցագործության բացահայտման բոլոր միջոցառումները։
Հիշեցնենք,որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


