«Իրավունք» թերթը գրում է.
«Ավանդույթի համաձայն՝ ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են, այսպես կոչված, կորպորատիվ երեկույթներ՝ հին տարին ճանապարհելու և նորը դիմավորելու նպատակով։ Գործող ավանդույթից հեռու չեն մնացել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները և նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ։ Միջոցառմանն անձամբ մասնակցել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Մուսալեռ» ռեստորանում անցկացված կուսակցական կորպորատիվի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով և անդրադարձել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը։ Հարկ չկա անդրադառնալ ելույթի բովանդակությանը, քանի որ այդ մասին մամուլում մանրամասն գրվեց և , բնականաբար, հերքվեց՝ ՀԱԿ-ի մամլո խոսնակի կողմից։
Այս հավաքույթում առավել ուշագրավ է եղել հյուրերի կազմը։ Ըստ ներկաների՝ հրավիրյալների թվում են եղել նաև «Ազատամարտիկների դաշինքի» մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) և ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Բանն այն է, որ ըստ մամուլի չհերքված հրապարակումների՝ «Ազատամարտիկների դաշինքը» ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից և «Երդվյալ ազատամարտիկների միության» հետ հանդիսանում է ԲՀԿ-ի «այլընտրանքային» Երկրապահը։
Զարմանալ պետք չէ, քանի որ այս գործելակերպը լիովին տեղավորվում է Տեր-Պետրոսյանի ոճի մեջ. նրա ղեկավարած ՀԱԿ-ը նույնպես ֆինանսական կախվածության մեջ է ԲՀԿ-ից, սակայն քաղաքականապես փորձում է մնալ անկախ, չնայած նրան, որ կոնգրեսականները հրապարակայնորեն գովաբանում են և ԲՀԿ-ին, և նրա ղեկավարին՝ նրանց վրա թողնելով նաև «եռյակի» գաղափարական առաջնորդությունը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: