Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները:

Խնդրո առարկայի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են: Ես ակնկալում եմ ավելին, ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն:

Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ. մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»: