Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով մասնակցում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվող բողոքի ակցիային, Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքից միակ փրկված վեց ամսական երեխայի նկարը ձեռքին կանգնած էր դեսպանատան դիմաց՝ գծանցման մոտ, երբ ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհն ու հեռանալ տարածքից:

Երևան քաղաքի ծառայության պետ Կարեն Մովսիսյանը Վարդգես Գասպարիին խոստացավ, որ եթե ինքնակամ չբացի ճանապարհը կհեռացնեն, ինչից հետո Վարդգես Գասպարին պառկեց փողոցում: Ոստիկանները վերջինիս պառկած վիճակում տեղափոխեցին մայթ:

Նշենք նաև, որ հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը հայտարարում է զորակցության ցույց անցկացնելու մասին, պահանջով՝ «Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին և դատվի Հայաստանում»: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքի էջից։

Ցույցը տեղի կունենա հինգշաբթի, Հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջև Սենթրալ փողոցի վրա:

Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին և վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում:

Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է: