ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապատուրային:

Այս մասին փոխանցում է ՀՀ Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և այլն:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղության և կայունության պահպանության գործողություններին, ինչպես ՆԱՏՕ-ի այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը կիսել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը: