Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ` արժանի ու խիստ պատիժ պահանջելով ոճրագործի նկատմամբ:

«Շիրակ» գերեզմանատանն Ավետիսյանների ինքնահողի արարողությանը նրանց շիրիմների մոտ, մահացած Սերյոժա Ավետիսյանի մորեղբոր տղան` Սամվել Հովհաննիսյանը, Ավետիսյանների բոլոր հարազատների անունից հանդես է եկել հայտարարությամբ.

«Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել և չի մասնակցել նաև կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում և պարզեն, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը և ինչ պատճառով:

Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ: Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք` մենք պահանջում ենք արդար դատավճիռ: Թող չկրկնվի այն, ինչ եղավ մեր ընտանիքի հետ»: