Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատական նիստում լարված իրավիճակ է ստեղծվել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատարանը որոշեց ընդունել տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը, որով տուժող կողմը դատարանից պահանջում է Վարդան Պետրոսյանից հօգուտ Հակոբյանների բռնագանձել 10.5 դրամ՝ Տաթևիկ Հակոբյանի բուժման և 2.5 միլիոն դրամ՝ դատական ծախսերի համար:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց այս որոշման դեմ՝ պատճառաբանելով, թե ծախսերը հիմնավորված չեն: Վարդան Պետրոսյանն էլ հայտարարեց, որ դեռևս անցյալ տարի օգոստոսին իր հարազատները Հակոբյաններին 20 000 դոլար գումար են տվել:

Վարդան Պետրոսյանի այս հայտարարությունը վրդովեցրեց տուժող Արթուր Հակոբյանին ու նրա կնոջը: Նրանք չհերքեցին, որ Պետրոսյաններից գումար են ստացել, բայց հիշեցրին, թե այդ գումարը իրենք խնդրել են վերցնել և խոստացել, թե այդ մասին չեն բարձրաձայնի:

Նշենք նաև, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը պահանջեց դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից։

Արթուր Սարգսյանը իր մեղադրական ճառում նշեց, որ մեղադրանք առաջադրելիս իրենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել, այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71կմ/ժ-ը, որը թույլատրված չէ օրենքով, և մի շարք այլ հանգամանքներ։