Ավետիսյանների ընտանիքի սպանդի արդյունքում Գյուրիում առաջացած լարված իրավիճակը հանդարտեցնելու համար այսօր՝ հունվարի 19-ին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ արեց չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել:
«Կողմ լինելով խաղաղ ցույցին և պահանջներից շատերին, որ ցուցարարները դնում են, ես դեմ եմ բոլոր տեսակի ծայրահեղություններին: Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա երկու երկրների միջև»,– ասաց նա:
Շիրակի մարզպետի խոսքով, Գյումրիում հունվարի 15-ին ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 33-ի, որոնցից 23-ը ոստիկաններ են։
«Քրեական գործ պետք է անպայման լինի։ Այլ բան է, թե ինչ ընթացք կունենա, քանի որ կան տուժածներ։ Ես այսօր իմացա, որ տուժած ոստիկանների թիվը 5-ով ավելացել է, որոնք ստացել են ամբուլատոր բուժում եւ դուրս գրվել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ հիմա Գյումրիում համեմատաբար հանդարտ է:


