Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իրենք արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար և հույս ունեն, որ Եվրոպական դատարանը կարձագանքի:

Ինչ վերաբերում է դատավարության ընթացքին, ապա փաստաբանն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, որ մեղադրող կողմը օգտվել է նրանց, որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնել»:

Փաստաբանը ներկայացրեց նախաքննական մարմնի կողմից իրականացրած խախտումները. ըստ նրա՝ անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել, որ Նիվա մակնիշի ավտոմեքենան հետընթաց է կատարել, ինչի արդյունքում եղել է այդ վթարը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք դիմել են նաև Հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով չիրականացրած քայլերի համար:

«Ունենք մի իրավիճակ, երբ մեղադրական կողմն օգտվել է առիթից, որ դատավորը հրաժարվել է կատարել արդար դատավարություն: Ամբողջն անցել է բռի ուժով, դատավարական նորմերի կոպիտ խախտումով: Մի քանի փաստեր բերեմ: Վարդան Պետրոսյանին ձերբակալելուց հետո նրան պետք է հարցաքննեին նույն օրը, սակայն երկու օր անց են հարցաքննել: Իմ ներկայությամբ` դերասանը փորձեց բացատրություն տալ, սակայն քննիչը չէր արձանագրում Վարդան Պետրոսյանի բառերը: Ես փորձեցի գրավոր առարկություն ներկայացնել, նա գրիչը ձեռքիցս վերցրեց եւ փախավ սենյակից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: