«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ Ազգային ժողովում հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, մեղմ ասած, հայտնվել էր տհաճ իրավիճակում: Պատգամավորները գլխավոր դատախազից ակնկալում էին ստանալ կոնկրետ պատասխաններ, արդյունքում՝ շատ հարցեր մնացին անպատասխան, ինչն էլ պատճառ դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դատախազի խոսքը համարեր ոչ թե դատախազի, այլ «հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույց»:
Նախ հիշեցնենք, որ դատախազ Կոստանյանը հունվարի 16-ին Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր. «Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, միանշանակ դիմելու եմ այս հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազին»: Իսկ, ահա, երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ասում էր, թե դիմելն ինքնանպատակ չէ. «Երբ որ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, իհարկե, դիմելու եմ»: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում պարզապես «տղամարդավարի» խոսք էր տվել՝ գյումրեցիներին հագստացնելու, այլ ոչ թե նրանց հուզող հարցերին հետագայում պատասխան տալու համար: Ոճրագործությունից 11 օր է անցել, և իրավիճակի որոշակիացման փոխարեն այսօր է՛լ ավելի է խորանում առաջին օրերի անորոշությունն ու անպատասխան հարցերի քանակը, ինչի արդյունքում էլ երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին ստիպեց խոսքը կտուրը չգցել` հղում անելով նախաքննության գաղտնիությանը, այլ կոնկրետ պատասխանել իր հարցերին: Գլխավոր դատախազը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ըստ էության ընդունեց, որ սահմանապահները պարտավոր էին սահմանախախտի բռնելու մասին հայտնել և նրան հանձնել ՀՀ իրավապահներին. «Այո՛, պարտավոր էին հայտնել, պարո՛ն Փաշինյան: Իհարկե, սահմանախախտին պետք է հանձնեին ՀՀ-ին: Իսկ հանձնել և հայտնել են, թե չէ, այդ ամեն ինչը քրգործում է»: Հետաքրքիր է, այս հայտարարությունից հետո Կոստանյանն ինչքան կշարունակի պաշտոնավարել:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ լսումների ժամանակ սահմանապահների խախտման մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց. «Ակնհայտ է, որ ռուս սահմանապահներն են նրան վերցրել արգելանքի տակ: Մենք չգիտենք՝ դա Պերմյակովն է եղել, թե ոչ, նա չի եղել համապատասխան համազգեստով, փաստաթղթով: Դուք պետք է ղեկավարվեք ՀՀ քրեական օրենսգրքով: Կարող է Պերմյակովը չէր, մեկ այլ անձ էր, որը փորձում էր հատել ՀՀ սահմանը: Ես պահանջում եմ հարուցել այս մասով քրգործ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: