«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեցին, թե ԵՏՄ-ից ներմուծված ապրանքներից սահմանին ԱԱՀ չի գանձվելու:
Ընդ որում՝ երկուսն էլ դա հայտարարում էին մեծ խանդավառությամբ եւ ներկայացնում էին որպես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խիստ դրական ազդեցություն: Սա բավականին ոգեւորել էր մեր գործարարներին, որովհետեւ սահմանի վրա վճարվող ԱԱՀ-ն հենց «գլխանց» 20 տոկոսով թանկացնում է նեկրվող ապրանքի գինը և ստիպում ներմուծողներին հսկայական գումարներ սառեցնել երկար ժամանակով:
Երեկ, սակայն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վ.Միրումյանը հօդս ցնդեցրեց այդ ոգևորությունը: «ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվելու: Ներմուծողը այդ գումարը վճարելու է մինչեւ ներմուծմանը հաջորդած ամսվա 20-ը: Այսինքն՝ նախկին 10 օրը փոխարինել է մինչեւ 50 օրով», - մեր հարցին ի պատասխան՝ ասաց Միրումյանը: Այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել: ԱԱՀ-ն էլի գանձվելու է «գլխանց», ուղղակի մի քանի օր ուշացումով: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության այլ «դրական» ազդեցությունները կբացահայտվեն հընթացս»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում