Ուկրաինայի ՆԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, թե անցյալ տարի հունվարին ինչպես և ինչով են սպանվել Մայդանի ակտիվիստներ՝ հայազգի 20-ամյա Սերգեյ Նիգոյանը և 25-ամյա բելառուս Միխայիլ Ժիզնևսկին, ովքեր Կիևի կենտրոնում բախումների առաջին զոհերն էին, գրում է segodnya-ն։

 Նիգոյանին սպանել են որսորդական հրացանից՝ 2 կրակոց սրտին և մեկը՝ գլխին, իսկ Ժիզնևսկուն՝ հրացանից, մեկ հարված սրտին։ Սակալի խոսքով՝ ոստիկանությունը նման տեխնիկա չունի։ Այս մասին  հայտնել է ՆԳՆ Գլխավոր քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Սակալը՝

«Քննությունը դիտարկում է նաև սպանության վարկածը, որի նպատակը հակամարտության սրումն է եղել և ցուցարարների կողմից զենք օգտագործելու արդարացումը։ Ապացույց են հանդիսանում բաց աղբյուրների բազմաթիվ նյութերը, որտեղ մարդիկ պատկերված են զենքերով պարզվել է նաև, որ սպանվածների մարմինները տեղափոխել են, իսկ սպանության վկաներն այդպես էլ չեն հայտնաբերվել։ Այդ պատճառով էլ քննիչները հարցումներ են ներկայացրել հեռուստաընկերություններին՝ խնդրելով ներկայացնել իրադարձությունների տեսաձայնագրությունները։»,- նշել է Սակալը։

Իրավապաշտպան Եվգենի Զախարովը նույնպես հավանական է համարում հակամարտության սրման նպատակով սպանությունը։ «Այն, որ դա ոստիկանները չեն արել, միանշանակ է։ Սակայն ով և ինչ նպատակով է կյանքից զրկել Նիգոյանին, Ժիզնևսկուն, իսկ հետագայում՝ ավելի քան 100 այլ ցուցարարների, պետք է պարզի հետաքննությունը։ Իսկ դա բացահայտելը դժվար է»,- ասել է Զախարովը։