Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող նաիրիտցիները փետրվարին ևս մեկ ամսվա աշխատավարձ կստանան: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, նաիրիտցիներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ փետրվարի 2-ին գործարանում կհանդիպի նաիրիտցիներին և աշխատավարձը տալու օրվա վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտրամադրի:

«6 հոգով ենք մտել նախարարի մոտ, վեցս էլ խոսել ենք, ասել ենք ամեն ինչ, նույնիսկ այն, որ իրեն չենք հավատում: Նախարարը դրան պատասխանեց՝ կհավատաք, թե ոչ, դա ձեր պրոբլեմն է, ես գիտեմ՝ ինչ եմ անում, եւ անում եմ»,- նախարարության առջև հավաքված նաիրիտցիներին պատմեց հանդիպմանը մասնակցած Անուշ Հարությունյանը, ով գործարանի մամուլի քարտուղարն է :

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարի հետ քննարկման ժամանակ եւս մեկ անգամ հաստատվել է, որ աշխատավարձերը կմարվեն գործարանի գույքի վաճառքից ստացված գումարից: Նա նշեց նաև, որ նախարարն ասել է՝ փետրվարին, հնարավոր է, մի քանի ամսվա աշխատավարձ տրվի, եթե գործարանի գույքի վաճառքն արագ ընթանա:

Նաիրիտցիները բողոքի ակցիաներ չեն անի մինչև փետրվարի 2-ի հանդիպումը: