«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ամփոփեց 2014-ի կատարած աշխատանքները: Խոսելով 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի գործով սկսված ծառայողական քննության մասին՝ նախարարն ասաց. «Խոցված ուղղաթիռի հետ կապված անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել: Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական պլանային թռիչք են կատարել փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»:

Նախարարի հավաստիացմամբ՝ հայկական զինուժում այդ առումով եղել են պաշտոնանկություններ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի վերջում «Ժողովուրդ»-ի հետ առանձին զրույցում անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու այսօրէական խնդրին: -Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձևակերպված տարկետումները և զորակոչվեն բանակ: -Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին և գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:

-Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա և մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կցանկանայի իմանալ մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է և պաշտպանում է մեր հայրենիքը: -Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ: -Անուններ չեք տալիս, բայց չեք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն: -Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են: -Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների, նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է: -Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ: -Պարո՛ն Օհանյան, 2015թ. հունվարի 1-ից սկսած սահմանին իրավիճակը լարված է: Դուք հայտարարեցիք, որ 7 զոհ ենք ունեցել: Այս օրերին հայ գործարարներց ինչ աջակցություն է ստացել ՊՆ-ն՝ դրամի, տեխնիկայի կամ այլ առաջարկի տեսքով: -Այսօր բանակն ինքն ի վիճակի է պետական ռեսուրսների հաշվին իրականացնել իր առջև դրված խնդիրները: Բայց շատ գործարարներ են եղել, որոնք աջակցել են զոհված ազատամարտիկների, զոհված զինվորների ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ զինծառայողներին իրենց գործունեության համար:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։