Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստան կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին ու անդրադարձել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի դատավարությանը՝ նշելով, որ այն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ խոսքի ազատության իրավունքին է վերաբերում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ.-ին երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ Նա ասել է նաև, որ Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել:

Նախարարը դարձյալ հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու վերաբերյալ:

«Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը մի հայտարարություն արեց: Բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, և նման ողբերգության քաղաքականացմանը դեմ ենք»,-ասել է Չավուշօղլուն, նշելով, որ իրենք էլ ստիպված են լինում «կանխարգելիչ քայլեր» անել: