Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Դատարանի վճռով՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին: Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել էին «ԲՄՎ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, իսկ Նիվա մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք, Էմմա, Արթուր և Հայկ Հակոբյանները՝ միջին ծանրության վնաս: