ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանն ու դրա առաջացրած դժգոհությանը: Հարցի պարզաբանման համար վարչապետը դիմել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Պարոն Միրումյան, նաև մի քանի խոսքով ներկայացրեք այս գործընթացը, հանդիպումները, որ ունեցել եք դժգոհողների հետ՝ իրենց պահանջը և մեր օրենքը: Ի՞նչ հակասություններ կան, իրենց ցանկությունը ո՞րն է, և մենք ի՞նչ հնարավորություններ ունենք բավարարելու: Իրենց պահանջն արդա՞ր է, թե՞ ոչ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը շնորհակալություն հայտնելով ձևակերպեց իր միտքը.
Պարոն վարչապետ, կցանկանայի տեղեկացնել, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունը, որն ընդունվեց դեռևս 2014 թ. հունիսին, և գործողությունը նախատեսվեց հոկտեմբերի 1-ից, ըստ էության, փոխզիջումային տարբերակ էր: Դրա էությունն այն էր, որ պետությունը շեշտակի նվազեցրեց հարկային բեռը՝ փոխարենը սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: Այնուհետև 2014 թ. հոկտեմբերի 1-ից այս գործընթացի ժամկետն ապրանքների գույքագրման մասով տեղափոխվեց մինչև 2015 թ. փետրվարի 1-ը, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր հարկ վճարողները որոշակի խնդիրներ էին բարձրացնում, որ դեռևս կան չկարգավորված հարցեր, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում են:
Առաջին հարցն այն էր, որ դեռևս կան բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարում են ապրանքային ձեռքբերումներ, և կատարված ապրանքային ձեռքբերումներն անմիջականորեն իրենք չեն տեղափոխում՝ մասնավորապես, տրանսպորտային ծախսերի թանկությամբ և ոչ մատչելիությամբ պայմանավորված, քանի որ փոքր ապրանքային քանակություններով էին ներմուծում դա, և դա կատարվում էր մասնագիտացված տեղափոխող կազմակերպության միջոցով, և նրանք չեն կարողանում ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր:
2014 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց այդ որոշումը, և դրանով այդ հարցը կարգավորվեց: Մասնավորապես, շատ հստակ սահմանվեց, որ բոլոր այն դեպքերում, երբ մեծ տնտեսավարող սուբյեկտները Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք են բերում համապատասխան փաստաթղթեր, անկախ այդ հանգամանքից, այդ փաստաթղթերը մասնակցում են մաքսազերծման գործընթացին, թե չեն մասնակցում, շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար դրանք համարվում են բավարար, և տնտեսավարող սուբյեկտները կարող են շատ հանգիստ շարունակել աշխատել շրջանառության հարկի դաշտում:
Երկրորդ խնդիրը կապված էր այն հանգամանքի հետ, որ մեր տնտեսավարող սուբյեկտները դժգոհություն էին հայտնում, որ գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ, որովհետև պահանջում է, որպեսզի մանրամասն նկարագրվեն յուրաքանչյուր ապրանքախմբում ներառված ապրանքների տեսակները՝ ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի կոնկրետ նկարագրության: Ձեր հանձնարարությամբ մենք վերանայեցինք նաև այդ ձևը, և այն էականորեն հեշտացվել է. տնտեսավարող սուբյեկտներն իրենց ամբողջ տնտեսական գործունեության ընթացքում ընդամենը մեկ անգամ պետք է ներկայացնեն այդ փաստաթուղթը հարկային մարմիններ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Տարվա՞ ընթացքում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյան – Առհասարակ, պարոն վարչապետ: Ոչ թե մեկ տարվա ընթացքում, այլ ընդամենը մեկ անգամ են ներկայացնում, և անգամ եթե տնտեսավարող սուբյեկտը 15-20 տարի աշխատել է այդ դաշտում, այդ տեղեկատվությունն այլևս հարկային մարմիններ չի ներկայացվելու:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ւրդյոք գույքագրմա՞ն մասին է խոսքը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյան – Այո, գույքագրման մասին է խոսքը: Մենք էականորեն պարզեցրինք այդ ձևը, որը հաստատված է ֆինանսների նախարարի հրամանով, և ընդամենը սահմանվեց, որ այդտեղ ներառվելու է ոչ թե յուրաքանչյուր ապրանքատեսակի ամենավերջին նկարագրով նախատեսված տեղեկատվությունը, այլ խոշորացված ապրանքային խմբերի, և որոշակի տեղեկատվություն մենք կրճատեցինք՝ սահմանելով, որ ընդամենը բավարար է ապրանքախմբի անվանումը և քանակը: Ուրիշ որևէ տեղեկատվություն անհրաժեշտ չէ հարկային մարմիններին:
Եվ, իհարկե, նաև երրորդ խնդիրը կապված էր իրազեկման հարցերի հետ: Մեր տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում էին այն հանգամանքը նաև, որ իրազեկված չեն այս ընթացքում, թե ինչպես պետք է կատարվեն այդ գրանցումները, ինչպես պետք է լրացվեն: Ես տեղեկացնեմ, որ այս ընթացքում մենք հասարակական կազմակերպությունների հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, այդ թվում՝ նաև տոնավաճառներում, և տնտեսավարող սուբյեկտներին մանրամասն իրազեկվել է նաև այն ընթացակարգը, որով պետք է առաջնորդվել: Ես կցանկանայի տեղեկացնել, որ շատ դեպքերում նաև մեր տնտեսավարող սուբյեկտները մտավախություն ունեին որոշ կոնկրետ ապրանքատեսակների մասով, օրինակ, փաստաթղթավորման ներկայացնելու պահանջի, սակայն մեր իրազեկման արդյունքում փարատվեց այդ մտավախությունը: Մասնավորապես, դա կապված էր գյուղատնտեսական ապրանքների փաստաթղթավորման հետ: Պարզապես իրազեկվածության խնդիր կար, և այն նույնպես լուծվեց:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Այսօր հավանաբար կկազմակերպենք հանդիպում իրենց ներկայացուցիչների հետ: Խնդրում եմ միշտ հնարավորություն ստեղծել մարդկանց տեղեկատվություն տրամադրելու համար: Փաստորեն մենք ինչ պայմանավորվածություն ունեցել ենք՝ կատարել ենք:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյան եզրափակեց հարցազրույցը պատասխանելով՝
-Այո, պարոն վարչապետ: