Ողջ պատմության շրջանում Արեւելյան Հայաստանի ոստան Էրիվան-Երեւանի տարածքում հաստատված մահմեդական բնակչությունը որքան պաշտամունքային օջախներ է ունեցել դժվար է պարզել:Սակայն19-րդ դարի սկզբին հայտնի է,որ Երեւանում կար ութ մզկիթ (ջամի):Ըստ Թադեւոս Հակոբյանի Երեւանում գտնվող մզկիթները ճարտարապետական ընկալմամբ համարվել են պարսկա-արաբական (նաեւ թաթարական) ճարտարապետական բնույթի կոթողներ:

Վերոհիշյալ ութ մզկիթներից երկուսը գտնվում էին Զանգու(Հրազդան) գետի վերեւում տարածվող անառիկ Երեւանի բերդի տարածքում իսկ վեցը բուն քաղաքի ներսում(Շահար) :Քաղաքի ներսում՝Շահարում գտնվող մահմեդականների մզկիթների մասին որոշակի տեղեկություններ են հաղորդել մի քանի արեւմտա-եվրոպական քրիստոնյա ճանապարհորդներ ինչպիսինք էին օրինակ

Հաքստհաուզենը,Լինչը,Ե.Լաչինովը,Ուվարովան,Ժ.Ժարդենը եւ այլք:
Ժ.Ժարդենը Էրիվանը նկարագրելիս քաղաքում հիշատակում է միայն մի կիսաքանդ մզկիթ, որը կոչվում էր Դեֆ-Սուլթան:Ստորեւ ներկայացնում ենք նրա հիշատակությունը.
«Եպիսկոպոսի աթոռանիստի առաջ գտնվում է մեծ շուկա,իսկ կողքին՝մի մզկիթ,որը կառուցված է աղյուսով եւ ներկայումս կիսաքանդված է:Այդ մզկիթը հիմնադրողի անունով կոչում են Դեֆ-Սուլթան»:Հետագա շրջանում պետք է նշել,որ այդ անունը կրող մզկիթ չի հիշատակված պատմական աղբյուրներում:Հավանաբար Դեֆ-Սուլթան անունը կրող մզկիթը եղել է ապագա Գյոյ Ջամիի (Կապույտ մզկիթ) տեղում,որը ըստ երեւույթի ավերվել է1679 թվականի զարհուրելի,ավերիչ երկրաշարժի ժամանակ:Հիմնահատակ ավերված մզկիթը ըստ երեւույթին եղել է Երեւանի Պարսկական խանության ներքո Ձորագյուղում գտնվող հայոց առաջնորդարանի հարեւանությամբ:Էրիվան-Երեւանի ամենահայտնի ու շքեղ մզկիթներից է թերեւս եղել Կապույտ մզկիթը(Գյոյ -ջամի)կառուցված1766 թ. ( հիջրայի 1179 , կամ1186թ)Երեւանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանի կողմից:(1762-17830թթ.):Այս մեծ,գեղեցիկ մզկիթի մասին մենք կանրադառնանք առանձին հոդվածով:

Երեւանի մյուս մզկիթներից նաեւ հայտնի էին Շահար կենտրոնական թաղամասում գտնվող Հաջի Նովրուզ Ալի բեկի եւ Զալ խանի մզկիթները,իսկ քաղաքի հետնամասներում գտնվում էին Դամիրբուլաղի ավելի համեմատաբար փոքր ու անշուք մզկիթները:Հաջի Նովրուզ Ալի բեկի եւԶալ խանի մզկիթներն ուշագրավ է,որ իրենց հատակագծերով նման են եղել:Զալ խանի մզկիթի դռների վրա վրա եղել է ընդհանուր արձանագրություն վերջինիս կառուցման վերաբերյալ:Ըստ Լինչի այն կառուցվել է1687թ.( հիջրայի1098թ.):Նաեւ այստեղ Լինչը նշում է,որ Զալ խանի ( ազգությամբ վրացի ,1679-1688 թթ.)
մզկիթը եղել է համեմատաբար փոքր Գյոյ-ջամիից,բայց նրան որոշ չափով նման էր եւ ուներ հանգստի համար հարմար պարսպապատ,շատրվաններ ունեցող ծաղկազարդու հովասուն բակ:

Նաեւ ինչպես նշեցինք սկզբում երկու մզկիթ էլ եղել է Երեւանի բերդի ներսում:Ուշագրավ է ու հետաքրքիր,որ բերդի ներսում կառուցված այդ մզկիթներից մեկը կառուցվել է թուրք-հրոսակների կողմից պաշարված Երեւանում՝ Ռեջեփ կամ Ռաջափ փաշայի կողմից,1725-1727թթ.:Երեւանում կառուցված թուրքական այդ մզկիթը եղել է չորս սյունների վրա հենված կամարակապ մի մեծ շինություն բավական շքեղ արտաքինով:Հաշվի առնելով որ Երեւանի թուրքական մզկիթը եղել է սուննի դավանության մզկիթ երբ պարսիկները հետագայում վերագրավել են քաղաքը թուրքերից,որպես շիա դավանության մահմեդականներ Երեւանի սուննի թուրքական մզկիթը դարձրել եւ ծառայացրել են իրենց համար որպես զինանոց:Երբ1827թ.հոկտեմբերի 1-ին ռուսները գրավեցին Երեւանն իր ազդեցիկ բերդով բերդի Ռեջեփ փաշայի կառուցած թուրքական մզկիթը ի պատիվ իրենց հաղթանակի դարձրին Երեւանի ռուսական ուղղափառ եկեղեցին եւ այն կոչեցին Սուրբ Տիրամոր անունով:

Երեւանի մյուս կարեւոր եւ ազդեցիկ մզկիթներից է եղել19-րդ դարի սկզբներին Ֆաթ Ալի շահի օրոք (1771-1834թթ.)Երեւանի վերջին սարդար Հուսեյն խանի (1807-1827թթ.)կողմից կառուցված շիա դավանանքին պատկանող Աբաս -Միրզա ջամին,որը իր անունը ստացել է Ատրպատականի պարսից թագաժառանգ Աբաս Միրզայի (1789-1833թթ.)պատվին:Այս մզկիթի ճակատի ու գմբեթի արտաքին կողմն ամբողջապես պատված է եղել կանաչ ու կապույտ փոքրիկ քառակուսի հախճապակիներով,որոնց գործածությունն այնքան բնորոշ էր ու հատուկ արաբական ու պարսկական ճարտարապետության մեջ:1827 թ.հոկտեմբերի 1-ից Երեւանը երբ անցնում է ռուսաց տիրապետության ներքո ,ռուսական կայազորը հաստատվում է նաեւ Աբաս Միրզայի անունը կրող մզկիթում եւ շիա աղոթատունը վեր է ածվում ռուսական զինանոցի:

Հետաքրքիր ենք համարում նշել,որ Երեւանի ռեջեփյան թուրքական մզկիթը եւ պարսից թագաժառանգ Աբաս Միրզայի անունը կրող մզկիթները Գյոյ ջամի մզկիթի հետ միասին պահպանվել էին մինչեւ մեր ժամանակները:Սակայն 20 -րդ դարի 30-ական թթ Հայկական ԽՍՀ բոլշեւիկ իշխանություններն ինչպես գիտենք ենթարկվելով Մոսկվայի աստվածամերժ Խորհրդային կենտրոնական իշխանությունների կամայական հորդորներին քաղաքամայր Երեւանում եւ ողջ Հայաստանում ավերում են հայոց հինավուրց եկեղեցիների ու դարավոր հուշարձանների մեծ մասը:Արդյունքում ավերվում եւ ոչնչացվում են նաեւ Երեւանի բոլոր մզկիթները բացառությամբ Գյոյ ջամիի (Կապույտ մզկիթ):

 

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան

Պատմաբան,Գեղարքունյաց թեմի Սեւանի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ