Ազգային ժողովը մինչև հուլիսի 1-ը հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Համապատասխան նախագծին կողմ քվեարկեց 75, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 40 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք չեն կարող կողմ քվեարկել ժամանակ ձգելուն, սակայն դեմ էլ չեն կարող քվեարկել, քանի որ այդ դեպքում էլ կմնա ներկայիս վատ տարբերակը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության՝ ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ընդգծեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, ինչը կապված է նրա հետ, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում եկել են համաձայնության, որ երկշաբաթյա ժամկետում իրենք պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ նոր նախագիծ:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, թե քանի որ չեն ցանկանում, որպեսզի գործողության մեջ մնա օրենքի ներկայիս վատ տարբերակը, իրենք կողմ են քվեարկելու կառավարության ներկայացրած նախագծին:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը նույնպես ձեռնպահ է քվեարկելու: Նա նշեց, որ պետք է երկշաբաթյա ժամկետում խորհրդարանի քննարկմանը ներկայացնել նոր նախագիծ, որն ամբողջությամբ կկարգավորի առկա խնդիրները:
Օրենքի նախագծին ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեց նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ոչ իշխանական ուժերի կողմից օրենքի քննարկումները շարունակվելու համար ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին: