«Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն 360.000 դոլար: Դա օգնության ռեկորդային ցածր ցուցանիշ է՝ սկսած Հայաստանի անկախության ձեռքբերումից: Սպիտակ տան առաջարկն ավելի քան 2 միլիոն դոլարով պակաս է՝ համեմատած 2014 ֆինանսական տարվա ցուցանիշի հետ, և կրկնակի պակաս է այն 40 միլիոն դոլար գումարից, որը պահանջում էին հայամետ կոնգրեսականներն ու ԱՄՆ Հայ դատի հանձնախումը ANCA-ն: 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հաստատման դեպքում Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա 18 մլն 360.000 դոլար, Ադրբեջանը 7 մլն 978.000 դոլար, իսկ Վրաստանը 50 մլն 552.000 դոլար: Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք Օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կազմելու է 1.7-ական միլիոն դոլար: Միջազգային ռազմական կրթության ու դասընթացների համար Հայաստանն ու Ադրբեջանը կստանան ևս 600.000-ական դոլար, իսկ Վրաստանը՝ 2.2 միլիոն դոլար: Թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավակարգի աջակցման համար Հայաստանը ստանալու է 1.7 միլիոն դոլար, Ադրբեջանը՝ 800.000 դոլար, իսկ Վրաստանը՝ 3.5 միլիոն դոլար: ԱՄՆ բյուջեի նախագծում որևէ բան նշված չէ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին, թեև վերջին մի քանի տարիներին USAID-ն այդ նպատակով տարեկան հատկացրել է 2 միլիոն դոլար:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց Օբամայի վարչակազմի այն ցանկության առնչությամբ, համաձայն որի՝ ռազմական օգնություն է նախատեսվում նաև Ադրբեջանի զինված ուժերին՝ չնայած Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիայի հերթական ալիքին: Թեև, ըստ նրա, ԱՄՆ-ը փորձել է պահպանել հավասարակշռությունը հակամարտող երկրների միջև: Առաջիկա ամիսների ընթացքում ANCA-ն աշխատելու է մեծացնել աջակցության համար նախանշված գումարը: Արամ Համբարյանը հերքեց այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակազմը կրճատել է Հայաստանին ուղղված ֆինանսավորումը և վերացրել ԼՂ-ին տրվող ֆինանսավորումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պատճառով: Նրա համոզմամբ՝ սա ընդհանուր միտում է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։