Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և խոշոր հանրահավաք՝ Երևանում: Այս մասին այսօր ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց խորհրդաժողովի կազմակերպիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հանդես եկավ ելույթով, որով կոչ էր անում չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում:
Նա նշեց նաև. «Իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէ, ինչը ամենակարևորն է արտակարգ իրավիճակների դեպքում: Երկրում հաստատված է անպատասխանատվության մթնոլորտ, ինչը քաղաքացիներին հուսախաբ է անում: Պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ, ոչ մի քաղաքական ուժ չպետք է մենաշնորհ դիրք ունենա»:
Իր ելույթը Ծառուկյանը եզրափակեց՝ «ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում, բայց քայլերն անսահման չեն» արտահայտությամբ: