Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի 19-ամյա զինծառայող Վալերի Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավելի եղել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում, գրում է LifeNews-ը:

Բժիշկները նրա վարքագծում լուրջ շեղումներ են գրանցել: Ռուսաստանի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները պարզում են, թե ինչպես է մշտապես հոգեբույժի հսկողության տակ գտնվող զինծառայողն առաջարկվել Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղափոխվելու համար:

Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Վալերի Պերմյակովը զորակոչվել է Չիտայում 2014 թվականի մայիսի 15-ին և ծառայել է մինչև դեկտեմբերի 3-ը: Միայն տարվա վերջում է որոշում կայացվել նրան Գյումրի տեղափոխելու մասին: Սակայն տեղի աշխատակիցները թաքցրել են այն փաստը, որ Պերմյակովը փաստացիորեն զորակոչվելուց անմիջապես հետո ընկել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք և այնտեղ մնացել մինչև հունիսի վերջ:

Այժմ զինվորականներին կասկածում են անփութության համար, որը կարող էր դառնալ ողբերգության պատճառ: Քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու նկատմամբ, ով Վալերի Պերմյակովին զորակոչել է, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ:

Հաղորդվում է, որ բուժում ստանալուց հետո Պերմյակովը վերադարձել է զորամաս, որտեղ ծառայել է որպես մեխանիկ-վարորդ: Ամիսը մեկ նա շարունակել է հետազոտություն անցնել հոգեբույժի մոտ, սակայն մասնագետները նրան հետագա ծառայության համար պիտանի են համարել, և երբ Գյումրիի զորամասից դիմում է եկել Չիտայից զորակոչիկների մի մասի Հայաստան տեղափոխելու վերաբերյալ, զորամասի աշխատակիցները մոռացել են նշել, որ Վալերի Պերմյակովը բուժում է անցել: