«Հունվարի 29–ին Երևանի Կիևյան կամրջից ցած նետված և հրաշքով կենդանի մնացած 15-ամյա աղջիկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին մեզ հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից: Կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արա Ղազարյանի խոսքով, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, բայց ստացած վնասվածքը թոքերի սալջարդը, թողել է լուրջ հետևանքներ, կան բարդացումներ, բորբոքումներ, որի հիմնական պատճառն այն է, որ աղջիկը բավականին շատ կեղտոտ ջուր է կուլ տվել:
Բժշկի փոխանցմամբ, նա դեռ խիստ հսկողության և ուշադրության կարիք ունի, ուստի դեռ մինչև երկուշաբթի կմնա վերակենդանացման բաժանմունքում: Արա Ղազարյանը հավելեց, որ իրենք առհասարակ դեպքի մասին աղջկա հետ զրույց չեն ծավալում, բայց նրա՝ վարքից զգացվում է, որ նա իսկապես չգիտակցված և առանց խորը դատելու է դիմել այդ քայլին և միայն հիմա է սկսել ընկալել այդ ամենի լրջությունը: Դեռ մեկ շաբաթ առաջ դեպքի հաջորդ օրը, բժիշկը մեզ հայտնել էր, որ լիարժեք հետազոտությունից հետո աղջկա մոտ հայտնաբերվել է թոքերի և կրծքավանդակի սալջարդ, բացակայել է գլխուղեղի սալջարդը և միակ կոտրվածքը աջ կողի կոտրվածքն է եղել: Ստացված վնասվածքներից ծանրագույնը թոքերի սալջարդն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կիևյան կամրջից ցած նետված աղջկա կյանքին վտանգ չի սպառնում. «Հայկական ժամանակ»
