Հետընտրական շրջանում Շիրակի մարզի ուժային կառույցներում տեղի են ունենում վերադասավորումներ: Նախ, աշխատանքից ազատվեց ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանը: Այնուհետեւ՝ շուրջ 9 տարի մարզում պաշտոնավարած դատախազ Դավիթ Սարգսյանին տեղափոխեցին այլ աշխատանքի:
Փորձեցինք տեղեկություն իմանալ, թե արդյո՞ք կադրային կրճատումների, ավելի շուտ վերադասավորումների շղթան չի հասնի մինչեւ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային կառույց, արդյո՞ք ԱԱԾ ՇՄ կառույցի պատասխանատուին եւս սպառնում է պաշտոնանկության վտանգը, հատկապես այն պարագայում, որ վաղուց է, ինչ ավարտվել է ԱԱԾ-ում նրա ծառայության ժամկետը:
ԳԱԼԱ-ն այս թեմայով զրուցել է գնդապետ Աշոտ Կագրամանյանի հետ: ԱԱԾ-ականը իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին այսպես է պատասխանել. «Առաջինը լուրերի մասին դուք եք իմանում: Ոչ մի նման բան ես չեմ լսել»:
Նշենք, որ գնդապետ Կագրամանյանը արդեն 67 տարեկան է: ԱԱԾ օրենսդրության համաձայն՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված են տարիքային որոշակի սահմանափակումներ: Երբ այդ մասին հիշեցրեցինք գնդապետին, նա անմիջապես շեշտեց. «Կան բացառություններ: Չեմ հասկանում, դուք ուզում եք, որ ինձ տեղափոխե՞ն»:
Աշոտ Կագրամանյանի պարագայում, լրացել է նաեւ իր խոսքերով ասած՝ «բացառության» ժամկետը: Գնդապետին ԱԱԾ-ում աշխատանքը թույլատրվում է մինչեւ 55 տարեկան հասակում: Սահմանային տարիքի հասած ծառայողների` Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները, բացառիկ դեպքերում, կարող է երկարաձգվել մինչեւ 5 տարի ժամկետով: Սա նշանակում է, որ վերոհիշյալ պաշտոնյան պիտի ազատվեր աշխատանքից առնվազն 60 տարեկանում, սակայն ԱԱԾ օրենդրության խախտումով նրան արդեն 7 տարի ապօրինի պահում են մարզային կառույցի պետի պաշտոնում:
Ինչո՞վ է պայմանավորված, որ, չնայած ձեր տարիքին, դուք շարունակում եք պաշտոնավարել հարցին, Աշոտ Կագրամանյանը այլեւս չի ցանկացել խոսել բացառություններից եւ հորդորել է. «Այդ հարցով դուք պետք է դիմեք մեր ղեկավարությանը: Իրենք կբացատրեն: Դիմեք մեր ղեկավարությանը»:
Դիմեցինք ԱԱԾ մամլո պատասխանատու Արծվին Բաղրամյանին: «Մեր ծառայության ներքին կադրային փոփոխությունները հրապարակման ենթակա չեն: Ես ուրիշ բան ձեզ չեմ կարող ասել»,-նշեց մամլո խոսնակը:
Երբ փորձեցինք հստակեցնել, որ հարցը ԱԱԾ օրենսդրության ոտնահարման մասին է, մամլո խոսնակը դարձյալ կրկնեց նույնը. «Ես ձեր ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել: Ես, ընդհանրապես, ոչ մի բան կադրային ներքին փոփոխությունների մասին չեմ կարող ասել: Այդքանը»:
Հավելենք միայն, որ 67-ամյա գնդապետը հանդիսանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին: