Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար պետք է քրեական գործ հարուցվի նաև կուրսանտի անմիջական և վերադաս հրամանատարների նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014» թեմայով քննարկմանն ասաց Արթուր Սաքունցը

Պատասխանատվության տեսակները համարժեք չեն, քանի որ կուրսանտին սպանել են իր անկողնում, իսկ սենյակում ներկա մյուս 6 անձինք ձայն չեն հանել:  Սաքունցը նշեց նաև, որ իրենք ներգրավվելու են այս գործում` որպես տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ և հույս են հայտնում, որ արդար քննություն կարվի: 

Քննարկման ժամանակ խոսեց նաև ՀՀՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ասելով.

«Սեյրան Օհանյանին էլ է մտահոգում այն հարցը, որ չի կարող ապագա սպան անտարբեր նայել` ինչպես են մարդ սպանում: Բայց Ձեր տեղեկությունը սխալ է: Սպանությունը կատարած անձինք հենց այդ սենյակում քնողներն են եղել, այլ մարդ կոնկրետ սենյակում չի եղել: Իհարկե, եղել են հարկի հերթապահներ, վաշտի հերթապահներ, բայց շատ բան ասել չեմ կարող»,- ասաց նա:

ՊՆ խոսնակը հավելեց նաև, որ իրենք գործով մեղադրվող Գնել Թևոսյանի` պետի տեղակալի որդի լինելու փաստը երբեք չեն թաքցրել: Նման սարսափելի դեպքը շատ խորքային հետևություններ է բերում, ինչպես նաև հայտարարվել է, որ ամբողջ ղեկավար կազմում փոփոխություններ են լինելու: