Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի աշխատանքներին եմ հետևում, բավական հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում։ Բնականաբար` հիմնական թեման Ուկրաինան է, բայց մեկումեջ մեր տարածաշրջանի խնդիրներին էլ են անդրադառնում։
Բայց այն ինչ երեկ տեղի է ունեցել «Ուկրաինայից բացի. Չլուծված հակամարտություններ Եվրոպայում» խորագրով քննարկման ընթացքում այլ կերպ քան «օբիժեննիկների հավաք» հնարավոր չէ բնութագրել։ Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները, Մոլդովայի, Սերբիայի ու Խորվատիայի բարձրաստիճան պաշտոնյաների նվագակցությամբ մի լավ ողբ էին կապել։ Կիսադատարկ փոքրիկ դահլիճում Ալիևը կրկին սպառնալիքներ էր հղում Հայաստանին ու ողջ աշխարհին` արժանանալով դահլիճում նստած Մեհրիբանի հպարտ ժպիտներին ու ոգևորող ծափահարություններին։
Իհարկե, նման խորհրդաժողովները կարևոր հարթակ են պետական դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու համար, բայց ոչ այնպես, ինչպես դա երեկ արեց Ալիևը։ Հիշատակված քննարկմանը մասնակից հյուրերի և լրատվամիջոցների կազմը ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի քաղաքական բողոքները վաղուց հետաքրքիր չեն արևմտյան հանրությանը։ Երևում է` զզվել են արդեն դրանց հոգնեցուցիչ լացուկոծից։
Հրանտ Մելիք-Շահնազարյան