Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հայկական պատվիրակության անդամներից Անդրանիկ Հովհաննիսյանը հարցով դիմեց նախագահին, ասելով. «հայտնի է, որ Մինսկի Խմբի եռանախագահները բազմաթիվ անգամներ կոչ են արել երկու երկրներին ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար 3 սկզբունքները՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին»:
Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է այս սկզբունքները, իսկ Ադրբեջանը երբեք հստակ չի արտահայտվում դրա մասին:
«Այստեղ դուք կարո՞ղ էք միանշանակորեն ասել, որ ընդունում եք այդ սկզբունքները որպես հիմք հակամարտության կարգավորման համար»,- ուղղակի հարցադրում արեց Անդրանիկ Հովհաննիսյանը:
Հարցի ուղիղ ձևակերպումն Իլհամ Ալիևն ակնհայտորեն շփոթեցրել է և նա խոսել է հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին, ապա անցել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խեղաթյուրված ներկայացմանը՝ ընդհանրապես չհիշատակելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, և վերջիվերջո այդպես էլ չի նշել՝ ընդունում է այդ սկզբունքներն անվերապահորեն, թե՞ ոչ:
Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը նախ հիշատակել է Մինսկի խմբի հասցեական կոչը, ապա նշել, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ բանակցությունները արգելակելու նպատակով։
Իլհամ Ալիևն էլ ավելի է բորբոքվել հայ դիվանագետի ելույթից, կրկնել իր մեղադրանքները միջազգային հանրության, հայկական սփյուռքի, Հայաստանի հասցեներին՝ այդպես էլ չպատասխանելով հարցին և կոչին։