Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան բազմաթիվ կառույցների հետ աշխարհում պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։

Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Թուրքիայի քայլերին՝ շեշտելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ը մյուս կառույցների հետ միասին «հայկական պնդումների» դեմ աշխարհին ներկայացնում է թուրքական թեզերը։ «Այդ գործում ներգրավել ենք թե հասարակական կազմակերպություններին, թե գիտնականներին։ Առաջիկայում էլ մենք շարունակելու ենք «հայկական պնդումների» դեմ մեր աշխատանքները»,-ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով Հայաստանի նախագահին Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին հրավիրելու հարցին՝ Չավուշօղլուն պատասխանել է, թե իրենք հրավերը ուղարկել են, քանի որ այդ ճակատամարտին հայեր էլ են մասնակցել, իսկ մասնակցել-չմասնակցելու հարցը հրավերը ստացած նախագահներն են որոշելու։