«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խստորեն դատապարտում է բռնությունների շարանը, որոնք վերջին ժամանակներում իրականացվում են Հայաստանում:

«Ինչքան էլ իշխանությունները փորձում են իրենց հեռու պահել այս ամենից, միևնույն է, չի ստացվում,-ասաց Մարտիրոսյանը,-ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի պարագայում գիտեին, թե ով է իրականացրել այդ գործողությունները, բայց ոչ ոք չպատժվեց: Պատգամավոր Արամ Մանուկյանի պարագայում նույնպես պարզվեց, թե ով է ծեծն իրականացնողը, բայց նա նույնիսկ մի ժամ չմնաց անազատության մեջ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքին, ապա ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ակնհայտ է, որ կա մի խումբ, որ գործում է շատ ազատ և ակնհայտ է, որ նրանք գործում են իշխանությունների հովանու ներքո:

Բանախոսը հիշեցրեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի և ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստերը:

«Իշխանությունների մասնակցությունն ու պատասխանատվությունը կա այս հարցում, քանի որ նախորդ դեպքերն անպատիժ մնացին»,-ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով, թե օր առաջ պետք է իրավիճակի փոփոխություն:

«Հույս ունեմ, որ ամսի 15-ին առաջնորդների հանդիպումից հետո կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնց արդյունքում մենք կգնանք արտահերթ ընտրությունների»,-հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: