«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և ռուսական անշարժ գույքի «թագավորների» վարկանիշային ցուցակի առաջատարներից Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի ռուսական բաժնի հետ զրույցում խոսել է ճգնաժամի և նոր նախագծերի մասին։
Կարապետյանն առաջին անգամ Forbes-ի ցուցակում է հայտնվել 2010-ին՝ 750 մլն դոլար կարողությամբ։ Իսկ արդեն 2014-ին նրա կարողությունը գնահատվել է 4.3 մլրդ դոլար։
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ կրկնվի 2008-ի իրավիճակը, Կարապետյանը դրական է պատասխանել. «Այո՛, կկրկնվի 2008-ի իրավիճակը։ Միակ տարբերությունը նախորդ ճգնաժամից այն է, որ սա տեղային է, և, հետևաբար, իմ կարծիքով, կարճ կտևի»։
Խոսելով Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնվելու մասին՝ գործարարը նշել է, որ դրանք չեն կարող խանգարել Ռուսաստանի զարգացմանը։
«Մենք ինքներս մեզ վրա պետք է հույս դնենք։ Այդ բոլոր սահմանափակումները ժամանակավոր են, դրանք սահմանում են, հետո չեղարկում։ Կարծում եմ՝ պետք է քիչ ենթարկվել խուճապային տրամադրություններին և անհանգստանալ, պետք է շատ աշխատել։ Յուրաքանչյուրը պետք է իր գործող զբաղվի։ Մենք մեզ վրա չենք զգում պատժամիջոցները»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Այն դիտարկմանը, որ նավթն էժանանում է, իսկ ռուբլին՝ թուլանում, հայազգի գործարարն ասել է, որ դրա հետ պետք է համակերպվել և հարմարվել ընթացիկ տնտեսական իրավիճակին՝ լինել ավելի աչալուրջ և շարունակել առաջ գնալ։
«Ոչ մի սարսափելի բան ես այստեղ չեմ տեսնում։ Կա ժամանակավոր խուճապ, սակայն դա կանցնի։ Այնուհետև կսկսվի ինֆլյացիան, որն, ի դեպ, բիզնեսի համար նոր խթան է»,- ասել է Կարապետյանը։
Միլիարդատեր գործարարը հայտնել է նաև, որ ճգնաժամի ձգձգվելու դեպքում իրենք ունեն «Բ» պլան՝ հավելելով, որ իրենք տարբեր կանխատեսումներ են անում և հասկանում են՝ ինչ կլինի իրենց հետ, եթե դոլարն արժենա, օրինակ, 100 ռուբլի, և պատրաստ են նման իրավիճակին։ Այդ իրավիճակում իրենք ավելի շատ կվաստակեն ռուբլիով, իսկ դոլարով՝ ավելի քիչ, կարծում է գործարարը։
Խոսելով ապագայի նախագծերի մասին՝ Կարապետյանը նշել է, որ այսօր իրենք իրագործում են կարճաժամկետ նախագծեր։ «Երկար ժամկետների դեպքում սկսվում են խնդիրներ, վարկեր, որոնք պետք է վճարել 5 կամ 10 տարի, արդյունքում՝ ամբողջ շահույթը ստանում են բանկերը։ Մենք չենք սկսում այն նախագիծը, որը պետք է կառուցել 3 տարուց ավելի»,- ասել է գործարարը։
Այլ ոլորտների հետաքրքրությունների մասին գործարարը նշել է, որ իրենք արդեն «կանաչ միջանցք» են ստացել Չինաստանից ապրանքներ ներմուծելու համար։ «Սա շատ մեծ նախագիծ է, որի վրա մենք աշխատել ենք 3 տարի։ Մեր գործընկերներն են չինական պետական ընկերությունները։ Այժմ ընթանում է առաջին փորձը։ Մարտից կավելացնենք ծավալները»,- հայտնել է Կարապետյանը։
Այո՛, կկրկնվի 2008-ի իրավիճակը. Սամվել Կարապետյան


