Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործը: Դիմումատուները վիճարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:
Քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Նշենք, որ ՔրԴատՕր-ի 426.3-րդ հոդվածով սահմանված են դատական ակտերի, իսկ 426.4-րդ հոդվածով` գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով:

«Փաստինֆո»